Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ինչու՞ ազատ արձակվեց Լիսկայի որդին

Ինչու՞ ազատ արձակվեց Լիսկայի որդին
08.09.2013 | 14:22

Մինչ հայ հանրության քաղաքականացված հատվածն այս օրերին ակտիվորեն քննարկում է ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին որաշման հարցը, երեկ օրվա լրահոս սպրդեց մի տեղեկատվություն, որը իշխանության, արդարադատության, իրավապահ մարմինների նկատմամբ դույզն-ինչ հավատ տածողների համար պակաս սահմռկեցուցիչ չէր: Խոսքը վերաբերում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության տարածած հաղորդագրությանը, համաձայն որի՝ որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Փոխարենը, գործ է հարուցվել ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի դեմ՝ սպանության սպառնալիքի հատկանիշով:

Հիշեցենենք, որ այս տարվա հունիսի 1-ին, Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի առանձնատան մոտ տեղի էր ունեցել միջադեպ, որի ժամանակ սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Գործով կալանավորվել էին մարզպետի թիկնապահն ու որդին, իսկ մարզպետն աշխատանքից ազատվել էր սեփական դիմումի համաձայն:

Այս ընթացքում, իհարկե, տարբեր խոսակցություններ էին շրջանառվում, որ Սուրեն Խաչատրյանը, օգտագործելով իր կապերն ու ազդեցությունը, ամեն ինչ անում է իր որդուն ու թիկնապահին ազատ արձակելու և կատարվածի մեղքը սպանվածի եղբոր վրա բարդելու համար:

Հենց Սյունիքի մարզում էլ, պարզվեց, որ նախկին մարզպետն ունի ոչ քիչ թվով համախոհներ, որոնք սկսեցին հանկարծ հիշել և ԶԼՄ-ներին պատմել հուզիչ պատմություններ Սուրեն Խաչատրյանի կատարած բարեգործությունների, գյուղական բնակավայրերին հասցրած օգնության, հրատարակված գրքերին ցուցաբերած աջակցության, մշակութային օջախներին ձեռք մեկնելու մասին: Եվ այդ մարդիկ միաձայն լռում էին մարդկային կյանքի նկատմամբ ոտնձգությունների մասին, որոնցից վերջինն ունեցել էր ողբերգական ավարտ:

Սյունիքի նախկին մարզպետի «քաջագործությունների» մասին հրապարակավ բարձրաձայնում էր Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, որի ոչ մի հայտարարության իրավապահ մարմիններն այդպես էլ չարձագանքեցին: Իսկ Լիսկայից շատ տուժածներ այս ընթացքում թաքուն հույս էին փայփայում, որ միգուցե արդարադատությունը գործի, և նախկին մարզպետը պատժվի: Պարզվում է, որ դեռ մի բան էլ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է մեղավոր, որի կյանքը հազիվ են փրկել բժիշկները: Բուդաղյաննների շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանն անակնկալի է եկել ու հայտարարել, որ չի ուզում հավատալ, որ «աբսուրդը կարող է այդ աստիճանի հասնել»: Նա պատրաստվում է որոշումը ստանալուն պես բողոքարկել այն տարբեր ատյաններում:

Իսկ անակնկալ չէ՞ր, որ նախկին մարզպետն այդքան «հավատարիմ» դաշնակիցներ գտավ հենց իր մարզում, որտեղ մարդիկ ահ ու դողով էին ապրում նրա օրոք, իսկ դաժան սպանությունից հետո էլ առանց որևէ բարդույթի այցելում և ժամերով նստում էր Երևանի կենտրոնի սրճարաններում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ